Աշնանը ֆուտբոլի Հայաստանի Մ-17 աղջիկների հավաքականը կմասնակցի Եվրո 2016-ի ընտրական փուլին

19:08, 29 Հուլիս, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 29  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշնանը ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականը կմեկնի Պորտուգալիա` մասնակցելու Եվրո 2016-ի ընտրական փուլին: Այս ենթախմբում ընդգրկված են Հունաստանը, Հայաստանը, Իսպանիան և Պորտուգալիան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ֆուտբոլի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականի  գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը: Ընդհանուր առամամբ, մարզիչը գոհ է հավաքականի արդյունքերից: «Բավական ծանր խումբ է, բայց մենք համառորեն պայքարելու ենք առաջին տեղը գրավելու համար՝ անկախ այն բանից, թե ինչ հավաքականների հետ ենք խաղալու, որովհետև այդ երկրնեերում առնվազն 25-30 հազար աղջիկ ֆուտբոլիստուհիներ կան, իսկ Հայաստանում ընդհանուր 300-400, բայց մեր մոտ աղջիկների համառությունն է լավ: Կարծում եմ, որ իրենց ցանկության ու համառության շնորհիվ հաղթանակի կհասնենք: Ճիշտ է, Բելառուսում պարտվեցինք, բայց մեր աղջիկները ցույց տվեցին, որ իրենք քաջ են: Աղջիկները պայքարող են և  ունեն մեծ  ցանկություն՝ ավելի լավ խաղալու»,- նշեց մարզիչը՝ հավելելով, որ հանրապետությունում այս պահին կա աղջիկների գործող 12 թիմ և 1 հավաքական:

«Հայաստանում գործող 12 թիմերից միայն 4-ն են երևանյան, մյուսները մարզերից են: Սակայն սրանով չենք սահմանափակվում. փորձ է արվում զարգացնել կանանց ֆուտբոլը: Ի դեպ, A խմբում գործող չեմպիոնը Երևանի Լ.Հ թիմն է, իսկ B խմբում՝ Գյումրիի թիմը»,- նշեց Լիանա Հայրապետյանը:

 Հայաստանում կանանց ֆուտբոլի առաջին քայլերը կատարվել են 1989 թվականից: Նույնիսկ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում եղել է  ֆուտբոլի կանանց թիմ, որը մասնակցել է բարձրագույն  խմբի առաջնությանը, ապա ԽՍՀՄ փլզումից հետո կանանց ֆուտբոլն անկում ապրեց և կրկին սկսվեց ձևավորվել 1995 թվականից, բայց մարզաձևի զարգացման համար արդյունավետ կարելի է   համարել վերջին երկու տարիները:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am