Իտալացիները ՀԵՀ-ի վայոցձորյան կենտրոնում դիտել են վիտրաժային աշխատանքներ

14:56, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնը հուլիսի 28-ին հյուրընկալել է Իտալիայից ժամանած զբոսաշրջիկների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այցելության նպատակն է եղել դիտել օրեր առաջ կենտրոնում կազմակերպված վիտրաժի ցուցահանդեսի նմուշները: Հյուրերը շատ տպավորված են եղել աշխատանքներով, հատկապես երբ տեղեկացել են, որ երիտասարդները վիտրաժի հմտություններ են ձեռք բերել միայն երկու ամիս տևած անվճար դասընթացների ժամանակ:

Նկարները դիտելուց հետո իտալացի հյուրերը հետաքրքրվել են ՀԵՀ մարզային երիտասարդական կենտրոնի աշխատանքներով, իրականացված և ապագա ծրագրերով: Հյուրերը նշել են, որ շատ նմանություններ կան իտալացիների և հայերի մեջ: Խոսվել է նաև նրանց՝ Հայաստան այցելության նպատակի մասին: Նրանցից շատերի այցի շարժառիթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելն է եղել, ինչպես նաև՝ որպես հնամյա պատմություն և մշակույթ ունեցող պետության և ժողովրդի հետ ծանոթանալու ցանկությունը:

Հյուրերը պատմել են նաև Իտալիայում գործող երիտասարդական կազմակերպությունների մասին: Նշվել է, որ կազմակերպություններն ունեն ամենատարբեր ուղղվածություններ՝ բնապահպանական, սոցիալական, սպորտային, մշակութային և այլն: Իտալացի հյուրերից մեկի հետ կատարվել է կոնտակտային տվյալների փոխանակում, ով ցանկություն է հայտնել համագործակցել կենտրոնի հետ և փոխանցել ՀԵՀ մարզային կենտրոնի տվյալներն իրենց քաղաքում գործող երիտասարդական կազմակերպությանը: 


© 2009 ARMENPRESS.am