ՀՀ ԱԳՆ-ի շենքի օտարման գործընթացն ավարտական փուլում է

14:41, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 3,2 մլն դոլարով ձեռք կբերի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում գտնվող «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ի բաժնետոմսերը՝ որպես պետական սեփականություն, և դրանք կօտարի «Տանգո» ՓԲԸ-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 30-ի նիստի օրակարգում:

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ` Կառավարական  N2 մասնաշենքը, որտեղ տեղակայված է ՀՀ ԱԳՆ-ն, օտարվել է «Տանգո» ՓԲԸ-ին: «Քանի որ  Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի Կառավարական տուն N2 շենքի 4 հասցեում գտնվող  անշարժ գույքը պատկանում է «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ին, անհրաժեշտություն   է   առաջացել ձեռք բերել վերոնշյալ ընկերության 100  տոկոս   բաժնեմասը` Կառավարական  N2 մասնաշենքի օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի գնորդ «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: 


© 2009 ARMENPRESS.am