Ջրամատակարարման համակարգերը 2016 թվականի հունիսի 1-ից նախատեսված է վարձակալությամբ փոխանցել մեկ կառավարչի

20:57, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ և միջազգային խորհրդատուների ներգրավմամբ Հայաստանի խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացվում են երկրորդ սերնդի բարեփոխումներ: «Այս ոլորտում պետական-մասնավոր գործընկերության խորացմանն ուղղված ռազմավարության արդյունքում սահմանվել է, որ հանրապետությունում գործող 5 ջրամատակարար ընկերությունների կողմից օգտագործվող ջրային համակարգերը 2016 թվականի հունիսի 1-ից նախատեսված է վարձակալությամբ փոխանցել մեկ կառավարչի` մեկ միասնական սակագնով և 15 տարի ժամկետով: Խմելու ջրի ոլորտի բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ապահովել կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարում, անխափան ջրահեռացում, հիդրոտեխնիկական կառուցվածքների արդիականացում, ջրի արդյունավետ օգտագործում, բնապահպանական խնդիրների լուծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը` հավելելով, որ միասնական օպերատորի աշխատանքներին աջակցելու նպատակով ընտրվել է համապատասխան խորհրդատվական կազմակերպություն («Fichtner» ընկերությունը), որն իր աշխատանքները կսկսի օգոստոսի առաջին տասնօրյակում:

Նա նշեց, որ աշխատանքներ են իրականացվում նաև ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող որոշ համայնքներում ջրամատակարարման բարելավման ուղղություններով: «Ներկա դրությամբ՝ արդեն կառուցվել և շահագործման են հանձնվել կոյուղու մաքրման կայաններ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում, ինչպես նաև ընթացքի մեջ են Երևանի «Աէրացիա» մաքրման կայանի վերականգնման աշխատանքները: Կոյուղու մաքրման կայաններ նախատեսվում են կառուցել նաև Արմավիր և Սևան քաղաքներում»,- հայտնեց Արամ Հարությունյանը:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am