Յանուկովիչը համաձայնել է ցուցմունք տալ դատարանում

20:39, 28 Հուլիս, 2015

ԿԻԵՎ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ում Ուկրաինայի գործող իշխանությունները կասկածում են հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, համաձայնել է իր գործի հետ կապված  տեսակոնֆերանսի միջոցով դատարանում ցուցմունք տալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է 1+1 հեռուստաընկերությունը:

«Այս տարվա փետրվարին ՌԴ փախած Վիկտոր Յանուկովիչի փաստաբանները հայտարարել են, որ նա կանչվել է իր գործով վկայություն տալու: Փաստաբանների խոսքով` իրենք ունեն նոտարով հաստատված համապատասխան փաստաթուղթ, որում Յանուկովիչը դրել է իր ստորագրությունը»,- տեղեկացրել է հեռուստաընկերությունը:

Համաձայն փաստաթղթի` նախկին նախագահը պատրաստվում է ցուցմունք տալ տեսակոնֆերանսի միջոցով:

2015 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սկսել է Յանուկովիչին պատասխանատվության կանչելու գործի քննությունը և դիմել է Ռուսաստանին` նախկին նախագահին արտահանձնելու համար: Դատախազությունը Յանուկովիչին կասկածում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ: ՌԴ արդարադատության նախարարը հայտարարել է, որ Յանուկովիչին Կիևին արտահանձնելու փաստաթուղթ չի ստացել: 


© 2009 ARMENPRESS.am