Գեղարքունիքի մարզում կուտակվել է մոտ 30 հազար տոննա անասնակեր

22:06, 27 Հուլիս, 2015

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում  արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները, որոնք այժմ ցածրադիր գոտիներից տեղափոխվել են  լեռնային եւ բարձլեռնային գոտիների բնական խոտհարքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության  վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, հուլիսի 27-ի դրությամբ՝ Գեղարքունիքի մարզում կուտակվել է մոտ 30 հազար տոննա անասնակեր, որն այդքան էլ գոհացնող արդյունք չի կարելի համարել: «Ցանովի խոտհարքերը, որոնց բարձր բերքատվության նիշ համարվում է մեկ հեկտարից 4 տոննա անասնակերը, ապահովել են հազիվ կիսով չափ բերք: Վիճակն առավել անգհանգստացնող է բնական խոտհարքերում, որտեղ մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 500-600 կիլոգրամ: Շատ տարածքներ տեւական երաշտի պատճառով  հնձվելու ենթակա չեն: Ամեն դեպքում, մարդիկ ձգտում են օր առաջ հնձել ու տուն հասցնել գոնե եղած սակավ անասնակերը»,- նշեց  վարչության պետը: Խոտի բերքահավաքը մարզում կշարունակվի մինչեւ օգոստոսի վերջերը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am