Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Թբիլիսիում է

15:01, 27 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Թբիլիսիում է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այցի շրջանակում կկայանա Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն առավել արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Արմեն Մուրադյանը կայցելի «Ֆրիդոն տոդուա» գիտահետազոտական ինստիտուտ, բժշկական այլ կազմակերպություններ: Նախատեսված է նաև հանդիպում դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Վրաստան այցը կեզրափակվի Ջավախքում, ուր հայկական պատվիրակությունը կծանոթանա Ախալցխայի և Ախալքալաքի բժշկական կենտրոնների գործունեությանը: 

1993 թվականին Հայաստանը Վրաստանի հետ ստորագրել է միջգերատեսչական համաձայնագիր, որի շրջանակում առկա է համագործակցությունը խթանելու և նորացնելու անհրաժեշտություն: Կան նաև առողջապահական գլոբալ մարտահրավերներ, մասնավորապես, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, որոնց ուղղությամբ հարևան երկրների ջանքերի մեկտեղում է անհրաժեշտ:


© 2009 ARMENPRESS.am