Հայաստանը շարունակելու է ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը

17:31, 23 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 23-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել են աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին, ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանն առնչվող հարցերին։

Հանդիպմանն արծարծվել են Հավաքական անվտանգության խորհրդի՝ անցյալ տարեվերջին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։


© 2009 ARMENPRESS.am