ՀՀ սփյուռքի նախարարն ու Ռազմիկ Փանոսյանը քննարկել են ՀՀ բուհերի սփյուռքագետ ուսանողների կրթաթոշակի հարցը

21:41, 7 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ,  7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում նախարարը հյուրին տեղեկացրել է վերջերս Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում բացված հայկական վարժարանի մասին, որին ներկա էին Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետեր Հովիկ Աբրահամյանը  և Մանյուել Վալսը,  Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը, խորհրդարանի պատգամավորներ, նախարարներ Հայաստանից, երկու երկրների դեսպանները, Ալֆորվիլի քաղաքապետը, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, սրբազան հայրեր:

Ռազմիկ Փանոսյանը, կարևորելով Սփյուռքում նոր դպրոցների ստեղծումը, նշել է, որ մեծապես հետաքրքրված է հայ մանուկների և երիտասարդների կրթության հարցերով և այդ նպատակով մասնակցել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովին, որին ներկա էին հայոց լեզվի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ: Քննարկման գլխավոր թեման առնչվում էր հայոց լեզվի, մասնավորապես, արևմտահայերենի ուսուցումը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Նա նշել է, որ գիտաժողովի ընթացքում քննարկվել է արևմտահայերեն գրագրության ծրագիր ստեղծելու գաղափարը:

Նախարար Հակոբյանը ողջունել է այդ գաղափարը՝ կարևորելով հայոց լեզվի պահպանման և հայրենաճանաչության խնդիրները: Նա առաջարկել է գիտաժողովում ներկայացված ծրագրերը համատեղ քննարկել և մասնագիտական եզրակացություններ տալ, թե դրանցից որն նպատակահարմար կյանքի կոչել:

Նախարարը հյուրին ներկայացրել է նաև Սփյուռքի նախարարության կողմից իրականցվող «Ամառային դպրոց», «Արի տուն», ինչպես նաև արևմտահայերենից  արևելահայերեն և հակառակը փոխարկիչ ծրագրերը (www.translator.am, ISMA լեզվային ծառայությունների համացանցային ծրագիր), որոնց նպատակը սփյուռքահայության համար հայոց լեզվի ուսուցման ու հայրենաճանաչության ապահովումն է:

Երկուստեք շեշտվել է, որ ուծացման վտանգին դիմակայելու համար անհրաժեշտ է կիրառել ժամանակակից հնարավորություններ և տեխնոլոգիաներ, որոնք ընկալելի և ընդունելի լինեն նոր սերնդի համար:

Քննարկվել է նաև Հայաստանի բուհերում սփյուռքագիտությամբ զբաղվող ուսանողների համար կրթաթոշակ հիմնելու և նրանց ուսումն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորությունները:


© 2009 ARMENPRESS.am