Արցախի վարչապետն Ասկերանի շրջանում ծանոթացել է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին

20:18, 7 Հուլիս, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ասկերանի շրջան՝ տեղում ծանոթանալու հացահատիկի բերքահավաքի և բանջարաբոստանային տնտեսությունների աշխատանքներին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանը  նախ եղել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի՝ հացահատիկի ընդունման կետում, հետաքրքրվել այս օրերին մթերվող ցորենի որակական հատկանիշներով, ապա այցելել Ակնա տեղամաս և շրջայց կատարել բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող ֆերմերային մի շարք տնտեսություններում:

Արայիկ Հարությունյանը  հողամշակներից հետաքրքրվել է ընթացիկ աշխատանքների և առկա խնդիրների մասին: Ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել վարչապետին` կառավարության և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ առատ բերք են սպասում: Ֆերմերների տեղեկացմամբ՝ արդեն շուկա է հանվե լտեղամասում արտադրված ձմերուկի և սեխի առաջին խմբաքանակը, իսկ մի քանի օրից կսկսվի լոլիկի բերքաքաղը:

«Ուրախալի է տեսնել նման տնտեսություններ, որոնք աշխատում են տեղական պահանջարկի բավարարման ուղղությամբ: Կառավարությունը կարևորում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակման ծրագրերը, և պատրաստ է հնարավորինս աջակից լինելու այդպիսի նախաձեռնությունների իրագործմանը»- ընդգծել է Արցախի վարչապետը:

Վարչապետ Հարությունյանին ուղեկցում էին գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am