Իրավապահները որոնում են ոսկյա զարդերի խանութից գողություն կատարած տղամարդուն

20:00, 7 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ոսկյա զարդերի խանութից գողություն  կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժնից, 2015թ. հունիսի 22-ին, ժամը 16:15-ի սահմանններում, մի տղամարդ Մ.Խորենացու 24 հասցեում գործող ոսկյա զարդերի խանութից գաղտնի հափշտակել է ոսկյա մատանի և ականջօղ՝ պատճառելով 1.7 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննության ընթացքում ստացվել են հիշյալ ոսկյա զարդերի խանութում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնք զննվել են։ Տեսանյութում երևում է այն տղամարդը, ով, ըստ տուժող կողմի, հափշտակել է ոսկյա զարդերը, առանձնացվել է նրա լուսանկարը։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրվում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am