ԱՄՆ-ը պատրաստ է ԼՂ խնդրի շուրջ շարունակել աշխատել Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ

15:16, 7 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Վաշինգտոնում անցկացված հանդիպումների ժամանակ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել աշխատել Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբոլգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ համանախագահներն ԱՄՆ-ից տեղեկացան, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է աշխատելու Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ»,- նշել է Ուորլիքը:

Հուլիսի 6-ին արած գրառման մեջ Ուորլիքը հայտնել էր, որ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում են, որտեղ հանդիպումներ են անցկացնելու ԱՄՆ պետդեպարտամենտում, պաշտպանության գերատեսչությունում և Անվտանգության ազգային խորհրդում` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը


© 2009 ARMENPRESS.am