Լյուբով Կազարնովսկայան Ադրբեջանի «սեւ ցուցակում» է հայտնվել Արցախ այցելելու համար

21:09, 6 Հուլիս, 2015

ԲԱՔՈՒ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գերատեսչության պատասխանատուները հերթական անհեթեթ որոշում են կայացրել: Գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելած ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին:  

Նախորդ շաբաթ օպերային երգչուհի, մանկավարժ Կազարնովսկայան այցելել էր Ստեփանակերտ, վարպետության դաս անցկացրել տեղի երաժշտական քոլեջում: Սա երգչուհու առաջին այցը չէ Արցախ: Նախորդ տարի աշնանը նույնպես Կազարնովսկայան այցելել է Արցախ, եղել Ստեփանակերտում, Շուշիում:

Օտարերկրացիների «սեւ ցուցակը», որոնց մուտքն Ադրբեջան արգելվում է, ընդգրկում է այն անձանց, որոնք առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Տարեցտարի այդ ցուցակն ավելի է ընդլայնվում: Այնտեղ ներառված են համաշխարհային մշակույթի գործիչներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ:


© 2009 ARMENPRESS.am