ԼՂՀ վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության նոր նախարարին

19:10, 6 Հուլիս, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ, այցելել է գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արամ Մխոյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը շնորհակալություն է հայտնել գյուղատնտեսության նախկին նախարար Անդրանիկ Խաչատրյանին` կատարած աշխատանքի համար: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորելով նրան` Արայիկ Հարությունյանը մաղթել  է նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք արդեն այլ բնագավառում:

«Այս տարիներին և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք խնդիրներ, սակայն արձանագրել ենք նաև հաջողություններ, ամենակարևորը` բավականաչափ փորձ ենք կուտակել, ինչն օգտագործվելու է հետագա աշխատանքների կազմակերպման գործում»,- նշել է վարչապետը:

Իր խոսքում Անդրանիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ չնայած ընթացիկ խնդիրներին, այնուամենայնիվ, նախարարությունը կարողացել է կատարել կառավարության ծրագրով գյուղոլորտին վերապահված գործառույթները և որոշակի հաջողությունների հասնել: Նա շնորհակալություն է հայտնել նաև նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և հավաստիացրել, որ անելու է հնարավորն՝ իրեն տրված վստահությունն արդարացնելու համար:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արամ Մխոյանին` պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել նրան:

Վարչապետը, մասնավորապես, ասել է. «Արցախի և Հայաստանի Հանրապետությունների լավագույն մասնագետներից մեկը համարվելով` Մխոյանը քաջատեղյակ է գյուղատնտեսության ոլորտին և իրգործունեությամբ արդեն երկար տարիներ աջակցում է Արցախում գյուղատնտեսական ծրագրերի իրագործմանը: Բնագավառին առնչվող իմ որոշումներում միշտ հաշվի եմ առել նրա խորհուրդները: Համոզված եմ՝ Արամ Մխոյանն իր գիտելիքներն ու փորձառությունը լավագույնս ծառայեցնելու է Արցախի գյուղատնտեսության զարգացմանը»:

Շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին բարձր պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար՝ Մխոյանը նշել է, որ խորությամբ ծանոթ է ոլորտի խնդիրներին և համոզմունք է հայտնել, որ բոլոր հնարավորությունները կան Արցախի Հանրապետության գյուղատնտեսությունը հասցնելու բարձր մակարդակի: Նա խոստացել է լինել անաչառ ու սրտացավ նախարարության առջև դրված նպատակներին հասնելու ճանապարհին:

Վարչապետ Հարությունյանը, անդրադառնալով սկսված կառուցվածքային բարեփոխումներին, նշել է, որ տնտեսության պատշաճ զարգացումն ապահովելու համար նոր գործիքներ են կիրառվելու: «Սա վերջին կառուցվածքային փոփոխությունը չէ, փուլային շարունակվելու են փոփոխություններն ու կրճատումները, և աստիճանաբար պետական կառավարման համակարգի մի խումբ աշխատակիցների տեղափոխելու ենք տնտեսական դաշտ: Այս տեսանկյունից կարևորում եմ արդյունավետ ծրագրերի իրականացումը` առաջին հերթին, մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ, որպեսզի կրճատված կադրերը համապատասխան հմտություններ ունենան տնտեսությունում աշխատանք գտնելու համար»:

Ա. Հարությունյանը հորդորել է փոխվարչապետ Աղաբեկյանին հետագա ծրագրերում լուրջ ուշադրություն դարձնել կադրերի վերապատրաստման վրա, որպեսզի անցումը սահուն իրականացվի: Հանդիպմանը ներկա Ա.Աղաբեկյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները պետք է միանշանակ ուղղվեն հանրապետության տնտեսությանզարգացմանը՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ:


© 2009 ARMENPRESS.am