«Dasaran»-ի հարթակում «Մաքուր պահենք մեր քաղաքը» խորագրով մրցույթ է անցկացվում

16:30, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դպրոցական տարիքից երեխաների մեջ ոչ միայն քաղաքամայր Երևանի, այլև սեփական համայնքի և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար ու հետևողական վերաբերմունք ձևավորելու նպատակով նոր մրցույթ է անցկացվում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը, արտաքին ձևավորման ու գովազդի վարչությունը և «Dasaran» կրթական ծրագիրը համատեղ հայտարարում են «Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթը: Ինչպես

«Արմենպրես»-ին տեղեկացրին «Dasaran» կրթական ծրագրի գրասենյակից, համատեղ հայտարարված մրցույթին մասնակցելու և իրենց պատրաստած տեսանյութերը ներկայացնելու հնարավորություն ունեն «Dasaran» կրթական ծրագրի կայքում գրանցված բոլոր աշակերտները:

«Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթի շրջանակում լավագույն տեսանյութը (պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսինալ աշխատանքները) ներկայացրած աշակերտը որպես պարգև ստանալու է նոթբուք, իսկ լավագույն աշխատանքը հեղինակած աշակերտի դպրոցը պարգևատրվելու է համակարգչով և պատվոգրով:


© 2009 ARMENPRESS.am