Մոսկվայում կկայանա Հովիկ Աբրահամյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

16:12, 6 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 9-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական և ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն համագործակցությանն ուղղված արդիական հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 1-ին Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց էր ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել էին հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել էին փոխգործակցության ակտիվացումը տարբեր ոլորտներում: Անդրադարձ էր կատարվել նաև հունիսի 25-26-ին Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին և համատեղ նախատեսվող նախագծերին ու ծրագրերին:  


© 2009 ARMENPRESS.am