Երեսունութամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը

15:04, 4 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտետ Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից, 2015թ. հուլիսի 4-ին, ժամը 04:05-ին, «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Քանաքեռ 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 38 տարեկան կնոջ դի:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ 2015թ. հուլիսի 4-ին, 03:45-ի սահմաններում, ամուսինը բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Հայկանուշ Սորսումաթյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ առաջնային շրջանին՝ դիտավորությամբ նրան  զրկելով կյանքից: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով,  կնոջն սպանելու կասկածանքով ամուսինը ձերբակալվել է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am