Արարատի մարզում մեկնարկել է ամառային զորակոչը

21:51, 3 Հուլիս, 2015

ԱՐՏԱՇԱՏ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արդեն երրորդ օրն է՝ Արարատի մարզում մեկնարկել է ամառային զորակոչը: Հուլիսի 2-ին Արարատի մարզի ղեկավարներն իրենց համապատասխան տարածաշրջանների զինկոմների եւ քաղաքապետերի գլխավորությամբ հայոց բանակ ծառայության ճանապարհեցին Արտաշատի եւ հուլիսի 3-ին` Արարատի տարածաշրջանների նորակոչիկներին:  «Ինչպես ամեն զորակոչին, այս անգամ եւս հավաստում եմ, որ կանգնած եմ յուրաքանչյուրիդ թիկունքում, պատրաստ եմ լուծել ձեր ընտանիքների հետ կապված յուրաքանչյուր հիմնախնդիր»,- իր ողջույնի խոսքում նշեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը՝ նշելով, որ բանակ-ծնող հարաբերություններն առավել ամրացնելու նպատակով այս տարի եւս կկազմակերպվի ծնող-զինվոր հանդիպումը: Նա կարեւորեց նաեւ իսկական տղամարդ դառնալու փաստը, երբ երիտասարդը բանակում ծառայելուց հետո երկու տարի անց վերադառնում է հայրենի օջախ:»Չեմ կասկածում, որ դուք զորամասերում կստանաք գովասանագրեր, իսկ մենք` ձեր օրինակելի վարքի եւ պահվածքի համար`շնորհակալական նամակներ»,- ասաց Արտաշատի զինկոմ Արայիկ Մուրադյանը` բարի ծառայություն եւ անփորձանք վերադարձ մաղթելով նորակոչիկներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարզի զինկոմիսարիատներում մեծ աշխատանք է տարվում նաեւ հայրենաճանաչության ուղղությամբ: Իրականացվում են զրույցներ եւ էքսկուրսիաներ: Մինչ բանակ մեկնելը նորակոչիկները եղել են Մատենադարանում, Ծիծեռնակաբերդում, թանգարաններում, եւ այլ վայրերում: 

Լիլիթ Մաճկալյան


© 2009 ARMENPRESS.am