Հայաստանն ավարտել է վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրումը

18:43, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունն արդեն ավարտել է ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից, հանրապետության այն բնակիչները, ովքեր արդեն ունեն թվային ազդանշանի ընդունման համար անհրաժեշտ սարքավորումներ և ընդունման ժամանակ նկատում են որակի թերություններ, կարող են զանգահարել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության «թեժ գիծն»՝ (010) 65-37-87 հեռախոսահամարով:

Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ընթացքում սոցիալական հնարավոր խնդիրները սահուն հաղթահարելու նպատակով՝ ՀՀ Ազգային Ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի՝ անալոգային հեռարձակման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը։


© 2009 ARMENPRESS.am