Բրիտանացի քաղաքական գործիչը ինքնանկար է արել Թունիսի լողափի ահաբեկչության վայրում

22:24, 29 Հունիս, 2015

ԼՈՆԴՈՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեյբորիստական կուսակցության անդամ, Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու Ամրան Հուսեյնը  հայտնվել է քննադատության կենտրոնում: Բրիտանացի քաղաքական գործիչը ինքնանկար է արել Թունիսի այն լողափում, որտեղ նախօրեին տեղի էր ունեցել ահաբեկչություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով euromag.ru-ն, Հուսեյնը ինքնանկարը տեղադրել է Facebook-ում եւ Twitter-ում, ինչին հաջորդել են նրա հասցեին քննադատական արտահայտությունները: Հուսեյնի արարքը բրիտանացիները որակել են որպես ամոթալի եւ խայտառակ: Պարզվել է, որ Հուսեյնն ընկերների հետ եղել է այն նույն լողափին, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը: Անհայտ լուսանկարիչը ֆիքսել է, թե ինչպես է նա ինքնանկար անում: 29-ամյա քաղաքական գործիչը հետագայում Facebook-ում գրել է, որ այդ նկարով չէր ցանկանում որեւէ մեկին վիրավորել: Նա շեշտել է, որ լողափ էր եկել զոհերի հիշատակը հարգելու համար: Հուսեյնն ասել է, որ ոչ միայն ինքնանկար է արել, այլեւ ծաղիկներ տեղադրել ավազին:

 

 


© 2009 ARMENPRESS.am