Շարմազանովը բացառում է մայդանը, սակայն չի բացառում էլեկտրաէներգիայի թանկացումը կասեցնելու հնարավորությունը

00:28, 27 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայի ակցիան քաղաքակական պայքար չէ, այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքար է: Այդ մասին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հեռու են իրականությունից այն խոսակցությունները, թե Հայաստանում կարող է մայդան լինել»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները դրական են գնահատում ՀՀ քաղաքացիների խաղաղ ակցիան, ինչպես նաև դրական են գնահատում ոստիկանության և ցուցարարների համագործակցությունը: «Այնտեղ հավաքված են մեր քաղաքացիները, մեր քույրերն ու եղբայրները, և մենք դրական ենք գնահատում այդ ակցիան»:

Անդրադառնալով հարցին` արդյոք ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու քայլը նշանակում է, որ թանկացման որոշումը կասեցվելու է մինչ աուդիտի ավարտը, Շարմազանովն ընդգծեց, որ ինքն այն պաշտոնյան չէ, ով պետք է նման հայտարարություն անի: «Ես կարծում եմ, որ երբ դա կքննարկվի, դուք կիմանաք: Ես այն անձը չեմ, որ պետք է այդ մասին ասեմ: 6-7 դրամով էլեկտրաէներգիայի թանկացումը չի նշանակում, որ այլ ելքեր պետք չէ փնտրել»,- ասաց նա:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում ՝237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:


© 2009 ARMENPRESS.am