Ադրբեջանի նավթադոլարային քաղաքականությունը սրտխառնոց է առաջացրել միջազգային հանրության մոտ

14:10, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի իշխանությունը փորձում է սեփական երկրում մարդու իրավունքների խախտումները, ավտորիտար վարչակարգի ոտնահարումները միջազգային հանրության մոտ արդարացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Սակայն Ադրբեջանի այդ քայլերը դատապարտված են տապալման, եւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ժողովրդավարության մասին զեկույցի քննարկումը հերթական ապացույցն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, խոսելով զեկույցի մասին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Ադրբեջանի նավթադոլարային քաղաքականությունն արդեն սկսում է սրտխառնոց առաջացնել միջազգային հանրության մոտ:

«Օրեցօր վատթարացող, ազատ անկման մեջ գտնվող Ադրբեջանի միջազգային վարկանիշը  փորձում են միջազգային հարթակներում փրկել ԼՂ հիմնախնդրի առկայությամբ: Դրա վառ օրինակը ԵԽԽՎ բանաձեւն էր, բայց Ադրբեջանը ձախողվեց: Ակնհայտ է, որ ադրբեջանական նավթադոլաների օգտագործումը սրտխառնոց է սկսել առաջացնել, եւ մի շարք պատկան մարմիններ իրենց քննադատությունն ու անհամաձայնությունն են հայտնում այս մոտեցմանը: ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային վիրտուալ աշխահից վերադառնա իրական աշխարհ եւ իրական իրավիճակին մոտ լինի: Դա օգտակար կլինի հենց Ադրբեջանին, որ միջազգային հանրությունից մեկուսացման մեջ չհայտնվի»,- խորհուրդ է տվել Էդվարդ Նալբանդյանը:


© 2009 ARMENPRESS.am