ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանում անցկացվող ցույցերին

19:57, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում հոսանքի թանկացման դեմ ցույցերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես«-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳ  նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը և ցուցարարները կհասնեն փոխզիջման:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հույս ենք հայտնում, որ այդ ամենը դուրս չի գա օրենքի սահմաններից: Մենք հավատում ենք Հայաստանի ղեկավարության առողջ բանականությանը և խելամտությանը: Մեր տվյալներով՝ կարելի է հուսալ, որ ցուցարարների կողմից բարձրացվող հարցերի վերաբերյալ կարող է ինչ-որ փոխզիջումային որոշում ընդունվել»,- նշել է Կարասինը:

Նա նաև հույս է հայտնել, որ վերջնական որոշումը կբավարարի թե՚ Հայաստանի իշխանություններին, թե՚ ցուցարարներին: 


© 2009 ARMENPRESS.am