«Ֆրեսկո» փառատոնի շրջանակում կանցկացվի ավազանկարչական շոու

17:27, 18 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում և մարզերում հունիսի 27-ից հուլիսի 5-ն արդեն 2-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները, այս տարի փառատոնի ծրագրում ներառված են նաև լուսանկարների ցուցահանդեսը և ավազանկարչական շոուն, որոնք Կարապի լճի տարածքում դիտելու հնարավորություն կունենան բոլորը: 

Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու անվճար կինոդիտումները 9 օր շարունակ կդառնան հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Փառատոնի մի մասը կանցկացվի Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Մասնակիցները ճամբարային կինոարշավների մասնակցելու հնարավորություն կստանան:

Այս տարի ևս փառատոնն ունենալու է մրցութային և ոչ մրցութային ծրագրեր: «Ֆրեսկո»-ին մասնակցելու են խաղարկային և վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական և ցանկացած այլ տիպի խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետներն ու քարոզվում խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն և համամարդկային այլ արժեքներ:

Փառատոնը առանձնակի նշանակություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն կներգրավվեն «Ֆրեսկո»-յի կազմակերպչական աշխատանքներում:

Փառատոնի նպատակը ոչ միայն հոգևոր, ասելիք ունեցող համաշխարհային կինոնմուշների ցուցադրությունն է, այլև դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային   քննարկումների կազմակերպումը:


© 2009 ARMENPRESS.am