Գլեն Քովի Հոլոքոստի թանգարանը հյուրընկալել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցահանդեսը

11:07, 1 Հունիս, 2015

 ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի նահանգի Գլեն Քովի Հոլոքոստի թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ցուցահանդեսը բաղկացած է երկու մասից՝ Հայոց ցեղասպանության  լուսանկարչական պատմություններից, ԱՄՆ հումանիտար օգնության մասին պատմող Մերձավոր Արեւելյան նպաստամատույցին նվիրված ցուցադրությունից: Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվելու է նաև Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող ֆիլմը:

«Շատ կարևոր է ունենալ նման ցուցադրություն, քանի որ այն մնալու է մինչեւ սեպտեմբեր և այս երեք ամիսներից հետո տեղափոխվելու է մեկ այլ Հոլոքոստի թանգարան: Չեմ ուզում մանրամասներ փոխանցել, քանի որ դեռ բանակցությունների փուլում ենք», - ասաց Սուրեն Մանուկյանը:

Ցուցադրության բացմանը ներկա էին նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, Սուրբ Նահատակների հայկական եկեղեցուց Հայր Աբրահամ Մալխասյանը, տեղի հրեա համայնքի ներկայացուցիչներ և հոլոքոստը վերապրածներ: Իսկ տեղի հայկական դպրոցի սաները երեկոն զարդարեցին Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ:


© 2009 ARMENPRESS.am