Նախարար Ղազարյանը բելառուս գործընկերոջը կներկայացնի Ծաղկաձորի մարզահամալիրի հնարավորությունները

21:04, 29 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյին: 

Նախարար Ղազարյանը ողջունել է Բելառուսի իր գործընկերոջը և գոհունակություն հայտնել սպորտի ոլորտում երկու երկրների հաջող համագործակցության կապակցությամբ: Շամկոն իր կողմից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ասել, որ հաջողությամբ իրագործվում են Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի դրույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Երկու նախարարները քննարկել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, սպորտում շուկայական հարաբերություններին, սպորտի ոլորտի մասնագետների որակական կատարելագործման, ինչպես նաև ֆիզիկական դաստիարակության համակարգում ազգային մարզաձևերի ներդրման և մանկապատանեկան սպորտի զարգացմանն առնչվող հարցեր: 

Գաբրիել Ղազարյանը երկու երկրների սպորտի նախարարությունների միջև արդյունավետ և բազմակողմանի համագործակցության համար Ալեքսանդր Շամկոյին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով: 

Երկու նախարարներն այսօր եղել են Ծիծեռնակաբերդում և ծաղիկներ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:  Վաղը՝ մայիսի 30-ին,  Ղազարյանը և Շամկոն մեկնելու են Ծաղկաձոր` այնտեղ գործող մարզահամալիրի հնարավորություններին ծանոթանալու համար:


© 2009 ARMENPRESS.am