Հայաստան-ԵՄ նախապատրաստվող նոր փաստաթուղթը համապատասխանելու է «և, և» քաղաքականությանը

13:53, 29 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության հետ նախապատրաստվող համագործակցության նոր փաստաթղթի ձևաչափը դեռևս պարզ չէ, սակայն այն լինելու է երկկողմ բանակցվող և վավերացվող փաստաթուղթ: Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ԵՄ կողմը ցույց տվեց, որ երկրների նկատմամբ գործելու են տարբերակված մոտեցումներ և ձևաչափեր, ու չեն լինելու ընդհանրական մոտեցումներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: «Հայաստանը բազմիցս է նշել, որ կողմ է «և, և» քաղաքականությանը: Դրա արդյուքնում էլ մենք անցած տարի վերսկսեցինք քննարկումները Եվրամիության հետ: Սակայն թե վերջնական ինչ փաստաթուղթ կստորագրվի, դեռևս պարզ չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց  Մելքոնյանը:

Նոր փաստաթղթի ստորագրման որևէ ժամկետ որոշված չէ, սակայն Եվրահանձնաժողովը հավանություն է տվել համագործակցության ընդլայնման առաջարկությանը Հայատանի հետ և պաշտոնական հայցադիմում է ուղարկել Եվրոպական խորհրդին, որն էլ հաստատելու է մանդատը: «Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի մասով, ինչպես տեսանք, կային մի քանի ուղղումներ: Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելով պայմանավորված, Եվրամիության հետ նոր քննարկումներ են ընթանում, որպեսզի հստակեցվի, թե ինչ իրավական ձևակերպումներ պետք է տրվեն նոր փաստաթղթում: Քննարկումները պաշտոնական բանակցություններ չեն, մենք որևէ փաստաթղթի շուրջ չենք բանակցում, այլ փորձում էինք հասկանալ` ինչ նոր փաստաթուղթ կարող ենք ստորագրել»,- ասաց փոխնախարարը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն էլ ընդգծեց, որ անկախ ԵՄ-ի հետ նախապատրաստվող փաստաթղթի ձևաչափից` ողջունելի է համագործակցության շարունակությունը այդ միության հետ: «Խնդիրն այն է, թե տնտեսական բնագավառում կարո՞ղ է արդյոք Հայաստանը խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշեց Մելքումյանը` հավելելով, որ այս հարցի պատասխանը դեռևս պարզ չէ իր համար:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ նկատեց, որ նույնիսկ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության պարագայում Եվրոպան չի գնալու զիջումների: «Ուղղակի մենք պետք է բանակցությունները հասցնենք մի մակարդակի, որ մեր բիզնեսները կարողանան ինտեգրվել տնտեսական այս նոր իրողություններին և չկրեն վնասներ»,- ասաց նա:

Մայիսի 21-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվել է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որն առաջինն էր 2013թ. հետո: Նախորդ` Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսված էր ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը, որն այդպես էլ չիրականացավ` ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշման արդյունքում: Դրանից հետո` 2014 թվականից Հայաստանը Եվրամիության հետ վերսկսեց բանակցությունները նոր փաստաթղթի շուրջ:


© 2009 ARMENPRESS.am