Ստամբուլի ոստիկանության նախկին պետը Դինքի գործով կալանավորվել է

10:05, 29 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նախկինում հարցաքննված Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլամզերը կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Կալանավորման պատճառը Յըլմազերի դեմ ներկայացված մեղադրանքներն են «ծրագրավորված մարդասպանությանն աջակցելու» և «հանցախումբ կազմելու» հիմնավորումներով:

Ալի Ֆուաթ Յըլմազերը ներկայում կալանավորված է 2013 թվականի դեկտեմբերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի բացահայտման համար թուրքական կառավարության կողմից անցկացված «Զուգահեռ կառույց» գործողության շրջանակում:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել:


© 2009 ARMENPRESS.am