ՄԱԿ-ը պահանջում է ազատել զինված հակամարտություններում առեւանգված լրագրողներին

11:46, 28 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջել է ազատել զինված հակամարտություններում առեւանգված ԶԼՄ-ների աշխատակիցներին, ինչպես նաեւ կոչ է արել պայմաններ ստեղծել զինված հակամարտությունները լուսաբանող լրագրողների անկախ աշխատանքի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան բանաձեւը միաձայն ընդունվել է մայիսի 27-ին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «հաստատակամորեն կոչ է անում» անհապաղ եւ առանց վերապահումների ազատել այն լրագրողներին ու ԶԼՄ-ների աշխատողներին, «որոնք առեւանգվել կամ պատանդ են տարվել զինված հակամարտությունների պայմաններում»: Ընդունված բանաձեւը նաեւ կոչ է անում պետություններին՝ բարենպաստ պայմաններ ստեղծել այն բանի համար, որ զինված հակամարտության իրավիճակում լրագրողները «կարողանան իրենց աշխատանքը կատարել անկախ եւ առանց չհիմնավորված միջամտության»:

«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դելուարը, ելույթ ունենալով նիստում, հայտնել է, որ միայն անցյալ տարի ԶԼՄ-ների 66 ներկայացուցիչներ են զոհվել առաջադրանքներ կատարելիս, ընդ որում լրագրողների նկատմամբ հարձակումների ու հանցագործությունների ավելի քան 90 տոկոսն անպատիժ է մնում:

Ընթացիկ տարվա սկզբից զոհվել է 25 լրագրող, այդ թվում՝ Charlie Hebdo ֆրանսիական հանդեսի ծաղրանկարիչները, որի փարիզյան խմբագրատան վրա հարձակվել էին ծայրահեղականները: Դելուարի տվյալներով՝ ընդամենը վերջին տասը տարվա ընթացքում կյանքից զրկվել են ԶԼՄ-ների 700-ից ավելի աշխատողներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` un.org


© 2009 ARMENPRESS.am