Կիպրոսը կարեւոր է համարում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ առավել սերտ համագործակցությունը

15:17, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոսիայում կարեւորում են միջազգային երկու խոշոր կազմակերպությունների` Եվրամիության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) առավել սերտ համագործակցությունը, քանի որ այն բխում է բոլորի շահերից եւ կնպաստի աշխարհում անվտանգության պահպանմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման տեսակետ է հայտնել Կիպրոսի հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայ գործընկերոջ հետ ունեցած համատեղ բրիֆինգի ժամանակ:

«Կիպրոսի շահերից է բխում, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջեւ առկա արգելքներն ու սահմանագծերը վերանան, եւ հենց այդ նպատակով Կիպրոսը ցանկություն է հայտնել միանալու «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, եւ մեր բոլոր ջանքերն ուղղված են այդ նպատակին: Շատ կարեւոր է, որ այդ երկու կառույցները համագործակցեն, քանի որ այն կնպաստի աշխարհում անվտանգության, կայունության ու խաղաղության հաստատմանը»,- ասաց նախարարը:


© 2009 ARMENPRESS.am