Յուքսեքօվայում Էրդողանին և Դավութօղլուին կբոյկոտեն

15:18, 26 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` Յուքսեքօվա քաղաք այցից առաջ հայտնի է դարձել, որ շատերը որոշել են չդիմավորել նրանց ի նշան բողոքի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Էրդողանի և Դավութօղլուի այցի նպատակը մայիսի 26-ին Յուքսեքօվայի օդանավակայանի բացմանը մասնակցելն է, մինչդեռ քաղաքի շատ բնակիչներ որոշել են տարբեր ձևերով արտահայտել իրենց բողոքը նրանց դեմ: Յուքսեքօվայի շատ արհեստավորներ իրենց արհեստանոցների դռները փակ են պահել և չեն բացել: Այցի առնչությամբ, փռերից և դեղատներից բացի, որևէ խանութ կամ կրպակ բաց չէ: Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները ևս, ի նշան բողոքի, որոշել են չդիմավորել նախագահին և վարչապետին:

Նշվում է, որ Էրդողանի և Դավութօղլուի այցից առաջ նահանգապետարանից եկած հատուկ հանձնարարականով շատերին ստիպել են մասնակցել կազմակերպվելիք հանրահավաքին:


© 2009 ARMENPRESS.am