Մուշի Առաքելոց վանքը վերածվել է խլուրդների բույնի

18:58, 25 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմական հայկական Մուշ քաղաքի` 18-րդ դարով թվագրվող Առաքելոց հայկական վանքը, որն արդեն երկար տարիներ է` մատնված է անտերության, վերածվել է խլուրդների բույնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» պարբերականը:

Հայկական վանքում մեծ թվով խլուրդների առկայության հետևանքով հարակից հայկական գերեզմանատնից ոսկորները դուրս են եկել երկրի երես: Բացի այդ, գանձեր որոնող արկածախնդիրները ևս իրենց գործողությունների հետևանքով մեծ վնաս են հասցրել Առաքելոց վանքին և հայկական գերեզմանատանը:

Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն վանքի խնդրով դիմել է ժանդարմերիային, որի ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ վանքի գերեզմանատունը փորվել է, իսկ զարդանախշերով որոշ քարեր անհետացել են: Ահազանգելով վանքի ներկայիս վիճակի առնչությամբ` Դաղջըն համապատասխան դիմումներ է ներկայացրել Մուշի նահանգապետարան, ներքին գործերի, ինչպես նաև մշակույթի ու զբոսաշրջության նախարարություններ: Դիմելով գանձ որոնողներին` նա ասել է. «Դադարեցրեք մեր վանքերը և գերեզմանները փորել, քանի որ մեր գերեզմաններում, մեր դիակներից բացի, ոչինչ չեք գտնի, այդտեղ թանկարժեք իրեր չկան: Բացի այդ, մի ավիրեք մեր վանքերը, այդտեղ ևս որևէ թանկարժեք իր չեք գտնի»:

Ազիզ Դաղջըն նախատեսում է իր դիմումների արդյունքում հասնել այն բանին, որ Մուշի Առաքելոց հայկական վանքը վերանորոգվի և վերականգնվի:


© 2009 ARMENPRESS.am