Ղազախստանում մեկնարկում են բանակցությունները սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջև

12:43, 25 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկում են բանակցությունները սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Ղազախստանի ԱԳ նախարարությունը` նշելով, որ բանակցությունները կշարունակվեն մինչև մայիսի 27-ը:

Նաև տեղեկություններ կան, որ բանակցությունները կընթանան փակ դռների ետևում: «Բանակցությունների արդյունքների հիման վրա նախատեսվում է մամուլի ասուլիս բանակցության մասնակիցների մասնակցությամբ, որի անցկացման տեղի և ժամանակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն»,- նշվել է հայտարարության մեջ:

Ղազախստանը հույս ունի, որ Աստանայի խորհրդակցությունները լրացուցիչ հիմք կդառնան Ժնևի բանակցություններում հաջողության հասնելու համար: Նա կողմնակից է սիրիական ճգնաժամի խաղաղ ճանապարհով լուծմանը:

Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը` Ղազախստանը որոշում է կայացրել իր երկիրը տրամադրել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների երկխոսության համար և անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծել է բանակցությունները հաջող անցկացնելու համար:


© 2009 ARMENPRESS.am