Հայկական տարազների ցուցադրությունը մեկ հարկի տակ է համախմբել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքին

12:25, 25 Մայիս, 2015

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայկական տարազների ցուցադրում, որը համատեղ կազմակերպել էին Երևանի «Տերյան» մշակութային կենտրոնը և քաղաքի հայկական համայնքը: Սանկտ Պետերբուրգից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցադրման ներկայացված տղամարդու և կանանց ազգային ոճով ձևավորված զգեստները պատրաստել են կենտրոնի շնորհալի դերձակներն ու մոդելավորողները: «Ազգագրական տեսակետից մեր ներկայացրած տարազները ունեն նաև ճանաչողական նշանակություն և համարվում են ազգային արժեք: Մեր գործունեության ընթացքում մենք այցելում ենք թանգարաններ, ուսումնասիրում ենք հագուստների թանգարանային նմուշները և դրանք մեր լաբորատորիայում մոդելավորում ու վերարտադրում ենք: Բացի այդ, մենք ընդունում ենք պատվերներ: Մեր պատվիրատուներն ազգային պարարվեստը ներկայացնող համույթներն են, թատրոնները, անհատ կատարողները, ռեժիսորները, անգամ հարսնացուները և այլք»,- ասաց «Տերյան» մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Թագուհի Սիմավորյանը:

Դրանք հիմնականում փոխառնված են Արևմտյան Հայաստանի Վասպուրականի շրջանի Վան, Էրզրում, ինչպես նաև Խարբերդի, Սասունի, Բիթլիսի, Ալեքսանդրոպոլի բնակիչների հագուստներից և ուշադրություն են գրավում իրենց բազմազանությամբ, զարդանախշերի բազմերանգությամբ ու տեղի կոլորիտի գունեղությամբ: Տարազների ցուցադրման շնորհիվ ներկաները պատկերացում կազմեցին Արևմտյան Հայաստանի բնակիչների կրած հագուստների մասին:

Յուրի Կարապետյան


© 2009 ARMENPRESS.am