Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում բացվեց տեղեկատվական ցուցահանդես

17:52, 24 Մայիս, 2015

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում մայիսի 24-ին Երևանի Հյուսիսային պողոտայում բացվեց տեղեկատվական ցուցահանդես: Իրադարձության մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու ԵՄ օժանդակությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերին, որոնք իրականացվում են տարաբնույթ ոլորտներում: Տեղեկատվական ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵՄ անդամ երկրների դեսպանները, որոնք շրջեցին տաղավարներով և ծանոթացան իրականացրած աշխատանքներին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ողջունեց տեղեկատվական ցուցահանդեսի մասնակիցներին:

«1950 թվականի մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը կոչ արեց Եվրոպային միավորվել, որպեսզի մայրցամաքում պատերազմ այլևս հնարավոր չլինի պատկերացնել, և հորդորեց տարածել խաղաղություն և բարեկեցություն: Եվրոպայի օրը սքանչելի առիթ է տոնելու այն, թե ինչպես ենք ԵՄ-ում հաղթահարել դարավոր տարբերությունները, և հիմա միասին կերտում ենք ապագան և տոնում մեր հարևանների հետ համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տրայան Հրիսթեան:

Նա ընդգծեց, որ այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «Մեր աշխարհը, մեր արժանապատվությունը, մեր ապագան» կարգախոսի ներքո:

«Հենց նոր Ռիգայում ավարտվեց արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որը վերահաստատեց մեր շարունակական հետաքրքրությունը հարևանների հետ ամուր գործընկերություն հաստատելու հարցում, օժանդակելու նրանց հասնել հարատև խաղաղության, քաղաքական կայունության և բարգավաճման»,-նշեց նա: Տրայան Հրիսթեան կարևորեց Հայաստանի հետ համագործակցությունը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն ընդգծեց, որ միջոցառման նպատակն է ներկայացնել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը:

«Ընդհանուր առմամբ՝ ցուցահանդեսը նպատակ ունի բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի, թե Եվրոպական միության աջակությամբ ու օժանդակությամբ Հայաստանում ինչ ծրագրեր են իրականացվում: Ծրագրերը ոչ միայն բարեփոխումներին նպաստելու նպատակ ունեն, այլև դրական ազդեցություն են ունենում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա»,-նշեց նա:

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Երևանում կամփոփվեն բացօթյա համերգով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում մայիսի 24-ի երեկոյան: Ելույթ կունենան երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Բելգիայից և Գերմանիայից: Երեկոյի գլխավոր հյուրը կլինի հայտնի երգիչ Դենզելը:

Եվրոպայի օրվան նվիրված  միջոցառումներն այս տարի մեկնարկել են մայիսի 16-ին Վանաձորում: Այնուհետև միջոցառումներ են անցկացվել Գյումրիում և Երևանում:

«Եվրոպայի օրը»` դրոշի, օրհներգի և միասնական արժույթի հետ միասին դարձել է Եվրոպական Միության խորհրդանիշներից մեկը: 1950 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը կոչ արեց վերջ դնել Ֆրանսիայի և Գերմանիայի միջև երկարատև մրցակցությանը և առաջարկեց ստեղծել Եվրոպայի քաղաքական կազմակերպման մի նոր բանաձև, որը կերաշխավորեր խաղաղություն ամբողջ Եվրոպայում: 1985-ին ԵՄ առաջնորդների` Միլանում կայացած գագաթնաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես «Եվրոպայի օր»: 

 


© 2009 ARMENPRESS.am