ՀԿԳ գլխավոր վարչությունը Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի առիթով քրեական գործ է հարուցել

21:56, 20 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների առնչությամբ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Կառույցի հաղորդագրության համաձայն՝ մայիսի 20-ին, ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում կատարվում է զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Երևանից դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, քննիչներ, ոստիկանության քրեագետ-փորձագետներ, օպերատիվ խումբ։


© 2009 ARMENPRESS.am