Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հալեպահայ երեխաների համար

10:53, 7 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների  համար: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Ցանկանում եմ խոսել մեր բարեկամ երկիր Սիրիայի մասին, որտեղ իրավիճակը շարունակում է անկայնուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում: Ցավոք քիչ չեն նաև զոհերը խաղաղ բնակչության շրջանում: Այս ընթացքում Հայաստանը փորձել է  օժանդակել նրանց, ովքեր պատերազմի հետևանքով  լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով` եկել են Հայաստան: Օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծության թեմային, որի հետևանքով, ցավոք, հայեր էին տուժել: Այդ ժամանակ ահազանգ ենք հնչեցրել երեխաներին ու դպրոցականներին պատերազմի գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ կառավարությունը, իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների  համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը՝ ցանկություն հայտնելով, որ բոլորն այդ մասին տեղյակ լինեն: Կառավարության ղեկավարը նշեց, որ երբ ՀՀ սփյուռքի նախարարը վերադառնա Հայաստան, կառավարության հաջորդ նիստին մանրամասն կներկայացնի, թե ինչ քայլեր է իրականացնում նախարարությունը, ինչ խնդիրներ ունի լուծելու և ինչ աջակցության խնդիր կա:


© 2009 ARMENPRESS.am