Մարզադպրոցների սաներն արգենտինահայ բարերարի օժանդակությամբ ստացան մարզահագուստ

09:58, 7 Մայիս, 2015

ԳԱՎԱՌ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ինը մարզադպրոցների տարբեր տարիքի բոլոր 1802 սաները «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ եւ արգենտինահայ Դեւեջյան ընտանիքի բարերարությամբ ստացել են մարզական հագուստ:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը,մարզահագուստը հատկացվել է մարզում գործող համայնքային ենթակայության 6, մարզային ենթակայության 1, հանրապետական ենթակայության 1 եւ «Սեւան» ԿՄԸ ենթակայությամբ գործող 1 մարզադպրոցներում պարապող  բոլոր մարզիկների հաշվարկով, մարզադպրոցների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա: Մարզահագուստներն անուն առ անուն հատկացրել են  «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի ներկայացուցիչները: Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի ներկայացմամբ՝ Գավառ քաղաքում մարզահագուստ ստացել են մարզային եւ քաղաքային մարզադպրոցների 295 մարզիկ, որի համար Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շնորհակալագրով է պարգեւատրել Դեւեջյան ընտանիքին:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am