Սերգո Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ավստրիա

09:57, 4 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պաշտոնական այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ: 

Հանդիպման ավարտին նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարարության միջև գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին: 

Հանդիպումներ են նախատեսված նաև Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության պաշտոնյաների, ինչպես նաև Զարգացման գործակալության տնօրենի հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև Ավստրիայի անասնաբույծների ասոցիացիա, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, նախատեսված են հանդիպումներ անասնաբուծության և կաթնարտադրության բնագավառի ավստրիացի գործարարների հետ: 

Այցի շրջանակներում նախարարը կհանդիպի նաև Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


© 2009 ARMENPRESS.am