Ստեփանակերտի թիվ 2/2 ընտրատեղամասում քվեարկությունն ընթանում է ակտիվ

16:08, 3 Մայիս, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի 2-րդ ընտրատեղամասի թիվ 2 ընտրատարածքը տեղակայված է Արցախի պետական համալսարանի շենքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրական հանձնաժողովի նախագահ Վիգեն Առուշանյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ընտրական հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է առավոտյան ժամը 7-ին, իսկ ընտրատեղամասը բացվել է ժամը 8-ից: Ընտրատարածքի նախագահը հավաստիացրել է, որ ընտրական գործընթացը նորմալ հունով է ընթանում` առանց միջադեպերի:

Առավոտյան ընտրատեղամաս են այցելել և գրանցվել միջազգային դիտորդները, ովքեր գոհունակություն են հայտնել կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Ըստ ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահի, ժամը 11-ի դրությամբ ընտրատարածքի 748 ընտրողներից քվեարկել է 146-ը:

Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Արսեն Առստամյանի վստահված անձ Գայանե Հայրապետյանը նշել է, որ խախտումներ չեն գրանցվել, և ընտրությունը նորմալ հունով է ընթանում:

Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ընտրող Արթուր Խաչատրյանը նշել է, որ ընտրել է հանուն Արցախի ապագայի: Ըստ նրա` քաղաքական նոր դեմքեր կան, ովքեր ցանկանում են ինչ-որ բան անել Արցախի ու նրա բնակչության համար:

ԼՂՀ-ում անցկացվում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը՝ Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ:


© 2009 ARMENPRESS.am