Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

14:38, 28 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ անգամ իր պատմության մեջ աշխարհի թիմային առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ վերջին տուրում մեր ընտրանին խաղում էր մրցաշարի հետնապահ Եգիպտոսի հավաքականի հետ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին հաջողվեց սպիտակներով արագ հաջողության հասնել առաջին խաղատախտակի վրա: Այնուհետև Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց չորրորդ խաղատախտակի վրա: Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով նույնպես կարողացավ հաղթել, իսկ Սերգեյ Մովսիսյանի պարտիան դեռևս շարունակվում է. հայ շախմատիստի խաղի ցանկացած ելքը չի անդրադառնա վերջնական արդյունքի վրա:

Ծաղկաձորում անցկացվող աշխարհի թիմային առաջնության չեմպիոն դարձավ Չինաստանի հավաքականը, իսկ երկրորդ տեղում Ուկրաինայի թիմն է:

Այս տարվա մրցաշարը բացառիկ է. առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում անցկացված 50 շախմատիստներից 49-ը կրում էին գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր: 


© 2009 ARMENPRESS.am