Արտաշատցի սամբիստուհին Եվրոպայի առաջնությանը զբաղեցրել է 6-րդ տեղը

22:01, 27 Ապրիլ, 2015

ԱՐՏԱՇԱՏ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում ապրիլի 16-21-ն անցկացված սամբոյի պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը արտաշատցի մարզիկը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի մենամարտային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հախումյանցը նշեց, որ 52 կգ քաշային Լիանա Միքայելյանն ունեցել է երեք գոտեմարտ. հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին, պարտվել ՌԴ-ն ներկայացնող սամբիստին, իսկ երրորդ տեղի պայքարի համար` կրկին պարտվել բուլղարացուն:

Լիանայի մարզիչ Հախումյանցի խոսքով` նա ուներ հրաշալի պատրաստվածություն, սակայն լավ արդյունք ցուցաբերելու համար նրան խանգարել է մարզիչի բացակայությունը, ինչն էլ նրա վրա թողել է հոգեբանական ազդեցություն: «Ստեղծված իրավիճակն էլ նրան զրկել է արագ եւ ճիշտ կողմնորոշվելու հնարավորությունից»,- ընդգծեց Հախումյանցը: Նա ավելացրեց, որ թեեւ Լիանան չզբաղեցրեց մրցանակային տեղ, այնուամենայնիվ, նրա մրցելույթից իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: Վերջինս գոհ է սամբիստուհու մարզավիճակից եւ աշխատանքից:

Առաջնությանը մասնակցել են եվրոպական երկրների լավագույն սամբիստները: Աղջիկների 52 կգ քաշային կարգում առաջնությանը մասնակցություն են ունեցել 11 սամբիստներ:

Լիլիթ Մաճկալյան


© 2009 ARMENPRESS.am