Հայ գործարարները Գերմանիայում մասնակցել են սարքավորումների «Usetec» ցուցահանդեսին

20:51, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կարլսրուե քաղաքում մասնակցել է սարքավորումների «Usetec» միջազգային ցուցահանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտենցին ՀՀ ԱԱՊ լրատվական ծառայությունից, պատվիրակության կազմում ընդգրկվել են շուրջ 20 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են գինու, կաթնամթերքի, հացաբուլկեղենի, պահածոների, զովացուցիչ ըմպելիքների, ինչպես նաև այլ սննդամթերքների արտադրության, շինարարական, հեռահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներ։

Ցուցահանդեսում ներկայացված են եղել մի շարք ոլորտների սարքավորումներ և մեքենաներ առաջարկող շուրջ 300 եվրոպական ընկերություններ (մետաղամշակում, շինարարություն, գյուղատնտեսություն, աղբահանում և վերամշակում, ՏՏ և հեռահաղորդակցություն, տպագրություն, փայտամշակում, պլաստմասսայի մշակում, սննդի վերամշակում)։

Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ իրենց ոլորտում կիրառվող սարքավորումներին և տեխնոլոգիաներին, իսկ մի շարք ընկերություններ պայմանավորվածություններ են ձեռք բերել համապատասխան մեքենասարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ։ Այցի շրջանակներում հայկական ընկերությունների ներկայացուցիչները այցելել են նաև Կարլսրուեի առևտրաարդյունաբերական պալատ։


© 2009 ARMENPRESS.am