Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» դպրոցի սաներին

18:26, 26 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Հովնանյան» դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի և դպրոցի պաշտոնեության ներկայացուցիչների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքն ու օրհնությունը բերելով «Հովնանյան» դպրոց-վարժարանի սաներին ու պաշտոնեությանը, ընդգծել է, որ մեծ ուրախությամբ է հերթական անգամ Մայր Աթոռում հյուրընկալել այս նվիրական կրթօջախի ուշիմ հայորդիներին, ովքեր, գալով Մայր Հայրենիք, վերստին հնարավորություն են ստանում մոտիկից ծանոթանալու այն սպասելիքներին, որ իրենցից ակնկալում է Հայ Եկեղեցին ու հայ ժողովուրդը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ այս տևական այցելությունները պետք է աշակերտների գիտակցության մեջ նորանոր տեսիլքներ արթնացնեն, որոնցով տոգորված` աշակերտները պետք է առավել նախանձախնդրորեն սերտեն հայ ժողովրդի պատմության հին ու նոր էջերը, որպեսզի զորավորվեն հայրենի հարուստ ավանդներով:

Անդրադառնալով օրեր առաջ Մայր Աթոռում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը` Նորին Սրբությունը քաջալերել է դպրոցի աշակերտներին ու պաշտոնեությանը, որպեսզի նրանք գիտակցեն, թե ինչու և ինչպես նահատակվեցին մեր նախնիները և թե ինչպիսի իղձեր ու սպասումներ ունեին այսօրվա մատաղ սերնդից:

Ամենայն Հայոց Հայրապետի հետ ունեցած հանդիպումից հետո «Հովնանյան» դպրոցի աշակերտներն այցելել են նաև Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալու այն բարձրարժեք սրբություններին, որոնք պահվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:


© 2009 ARMENPRESS.am