Թուրքիայում շարունակաբար ժխտող սերունդ է դաստիարակվում. թուրք պրոֆեսոր

19:24, 25 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կրթական համակարգը կառավարվում է  պետության կողմից, և երիտասարդները հնարավորություն չունեն ծանոթանալու պատմությանն ու իրականությանը: Այս մասին Երևանում անցկացվող մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց թուրք պրոֆեսոր Ջեմ Թերզին` ընդգծելով, որ սեփական պատմությանը ծանոթանալու համար բազմաթիվ խոչընդոտներ կան:

«Այդ առումով պարտադիր պայման է, որ փոխվեն պատմության դասագրքերը: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ շարունակաբար ժխտող սերունդ է դաստիարակվում: Բայց, մյուս կողմից էլ, ցանկացած սուտ և ճնշում իր հակառակ ազդեցությունն է թողնում: Այսօր կան բազամթիվ միություններ և կազմակերպություններ, գիտնականններ և գործիչներ, որոնք դեմ են դուրս գալիս ժխտողական քաղաքականությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Թերզին:

Նրա համոզմամբ` Թուրքիայի ապագան փոխվելու է միայն Հրանտ Դինքի նման մարդկանց շնորհիվ: Այն հարցադրմանը, որ Թուրքիայում Դինքի նմաններին թույլ չեն տալիս ապրել, Թերզին պատասխանեց. «Ցավոք սրտի, նրա սպանությունը Ցեղասպանության շարունակությունն էր: Պետք է թույլ չտանք, նման բաներ կրկնվեն»:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am