ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ DEMYC-ի բանաձևը

17:00, 25 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական և գաղափարակից այլ կուսակցությունների երիտասարդական թևերին համախմբող կազմակերպության՝ Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին (DEMYC): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունից: 

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ոգեկոչման միջոցառումներին Երևանում մասնակցելու համար և բարձր գնահատել Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Երևանում ընդունված բանաձևը:

Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները` Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին` շեշտելով դրա կարևորությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար:


© 2009 ARMENPRESS.am