Փաստաբանները երդվեցին բարեխղճորեն կատարել իրենց գործը և ստացան արտոնագրեր

14:02, 25 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբանական դպրոցի 55 շրջանավարտ ստացավ արտոնագիր և հետայսու կարող է զբաղվել փաստաբանի գործունեությամբ: «Արմենպրես»-ի փոխանցամբ` արտոնագրեր ստացան բոլոր այն հավակնորդները, ովքեր հաղթահարել էին որակավորման քննությունների նվազագույն շեմը:

Մինչ արտոնագրերի հանձնումը հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո Հայաստանի փաստաբանների պալատն անցկացրեց խորհրդի նիստ` քննարկելու փաստաբանի հավակնորդներին արտոնագրեր տրամադրելու հարցը: Խորհուրդը որոշեց բավարարել հավակնորդների դիմումները և տրամադրել նրանց արտոնագրեր` պալատի խորհրդի առջև երդում տալուց հետո: Երդման կարգից առաջ նորընծա փաստաբաններին իր խոսքն ուղղեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով խոսեց այդ մասնագիտության կարևորության մասին:

«Ձեր դերակատարությունն իրոք մեծ է ինչպես իրավունքների պաշտպանման տեսանկյունից, այնպես էլ ազգային պահանջատիրության առումով: Որպես ասվածի օրինակ պետք է հիշել Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, երբ  Գերմանիայի դատարանն արդարացրեց նրան շնորհիվ նրա, որ կատարվել էր հիանալի փաստաբանական աշխատանք: Եթե այդ ժամանակ չլիներ փաստաբանական պրոֆեսիոնալ մոտեցում, տեղի չէր ունենա արդարացման այդ դասական ակտը: Պետությունը մեծ դերակատարություն է վերապահում փաստաբաններին, և վերջին տարիներին իրավաբանական համայնքում և երկրի կյանքում մեծացել է նրանց դերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը: Նա իր և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից շնորհակալագրեր հանձնեց նախորդ տարիներին մասնագիտական լավ աշխատանք ցուցաբերած փաստաբաններին:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ պալատի անունից շնորհակալագրեր հանձնեց Փարիզի ու Սոֆիայի փաստաբանական պալատների նախագահներին, ովքեր ժամանել էին Հայաստան` մասնակցելու հայ փաստաբանների արտոնագրերի հանձնման արարողությանը: Զոհրաբյանը կարևորեց նաև այն փաստը, որ թեև փաստաբանների գործն ուղղված է «պետության դեմ», սակայն նրանք մեծ հարգանքի են արժանանում պետական մարմինների կողմից:

Այնուհետ փաստաբանի արտոնագրերի արժանացած հավակնորդները երդվեցին` խոստանալով բարեխիղճ աշխատանք կատարել և պաշտպանել վստահորդների իրավունքները: «Հանդիսավոր երդվում եմ ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով»,-հնչեց նրանց երդման խոսքը:  Երդում տալուց հետո նրանց հանձնվեցին արտոնագրերն ու փաստաբանի վկայականները:

[gallery id= 54904]


© 2009 ARMENPRESS.am