Սերժ Թանկյանը՝ «100 տարի» (100 Years) ստեղծագործության առանձնահատկության մասին

13:54, 25 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «100 տարի» (100 Years) ստեղծագործությունը սկսեցինք տխուր ելևէջներով, ավարտեցինք՝ ոգևությամբ: Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին մեկնարկած Երաժշտական համաժողովի ընթացքում այսպես մեկնաբանեց իր և նորզելանդացի հայտնի կոմպոզիտորի հետ գրված ստեղծագործությունը, որը նվիրված է ցեղասպանության զոհերին:

«100 տարի» (100 Years) կտորը գրել եմ մեկ այլ կոմպոզիտորի հետ. Ջոն Փսատասը ընկերս է, ապրում է Նոր Զելանդիայում: Միասին աշխատել ենք մինչ այդ: Հարցրեց՝ Ցեղասպանության տարելիցի համար ի՞նչ ես անում, ասացի System of a Down-ի հետ մի բան ունեմ ու առաջարկեց մի ստեղծագործություն գրել: Առաջին հինգ րոպեն ես եմ գրել, երկրորդը՝ ինքը: Գաղափարն այն էր, որ սկսեցինք տխրությամբ՝ ցեղասպանության թեմայով, հետո ոգևորությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սերժ Թանկյանը:

Թանկյանը փաստեց, որ հայկական երաժշտության մեջ հետաքրքիր մելամաղձոտություն կա: Համաժողովի ընթացքում հատվածներ հնչեցին նաև այդ նոր ստեղծագործությունից:

Երգը նվիրված է բոլոր նրանց, ովքեր պայքարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության և դրան հաջորդած ցեղասպանությունների ճշմարտության, ճանաչման և արդարության համար: Ջոն Փսատասը Նոր զելանդացի հայտնի կոմպոզիտոր է: Ազգությամբ հույն կոմպոզիտորը մեծ վայելում ունի, իսկ նրա ստեղծագործություններն ամենից հաճախ են կատարվում իր երկրում: Նա Թանկյանի հետ համագործակցությունն անվանել է հուզական եւ նշել,  որ ստեղծագործությունը հարգանքի տուրք է հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության 100-րդ տարեցիլին:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին անցկացվում է Երաժշտական համաժողով, որին մասնակցում են Սերժ Թանկյանը, Տիգրան Մանսուրյանը,  Տիգրան Համասյանը, Լիլիթ Պիպոյանը: System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանի գլխավորությամբ անցկացվող հանդիպման ժամանակ տեղի կունենան քննարկումներ հայկական երաժշտության ինքնության և տարբեր մոտեցումների մասին:


© 2009 ARMENPRESS.am