Հայ ժողովրդին անհնար է կոտրել. Թինա Կանդելակի

17:36, 24 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական շոուբիզնեսի հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Instagram-ի իր էջում գրել է, որ ապրիլի 24-ին սգում է ողջ հայ ժողովրդի հետ: Կանդելակին, մասնավորապես, նշել է. «Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այսօր սգո օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի համար, նրանց համար, ովքեր սպանվել են միայն նրա համար, որ հայ են: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով հիշում է Ցեղասպանության ժամանակ վերապրած մղձավանջի սարսափը, այդ ցավը մինչ օրս թարմ է, և վերքը ցավում է՝ բոլորին հիշեցնելով, որ ֆաշիզմին արդարացում չկա: Ոչ մի ազգ չի գերազանցում մյուսին և առավել ևս՝ չունի իրավունք կյանքից զրկելու ազգային պատկանելիության համար:

Ես սգում եմ իմ մայրիկի ողջ ազգի հետ, տատիկի, պապիկի հետ, որոնց Ցեղասպանությունը չի շրջանցել: Հայ ժողովրդի ոգու ուժը նրանում է, որ որտեղ էլ ապրեն նրա որդիներն ու դուստրերը, այդ օրը բոլորը միավորվում են անտեսանելի թելով, որն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին անհնար է կոտրել: Ոչ ոք եւ երբեք»:

 


© 2009 ARMENPRESS.am