Ցեղասպանության մասին լռելն այսօր հավասարազոր է հանցագործության. ԱԺ փոխնախագահ

17:28, 24 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 24-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեին եւ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ գտնվելու եւ վշտակցություն հայտնելու համար: Նա ընդգծել է, որ 21-րդ դարում որեւէ մեկն իրավունք չունի մոռանալու տարբեր ազգերի նկատմամբ եւ տարբեր ժամանակներում իրականացված ոճրագործություններն ու ցեղասպանությունները, քանի որ, ինչպես նշել է ԱԺ փոխնախագահը, ցեղասպանության մասին լռելն այսօր հավասարազոր է հանցագործության: Նա ընդգծել է, որ առաջադեմ մարդկությունը պետք է ոչ միայն դատապարտի Հայոց ցեղասպանությունը, այլեւ քրեականացնի Ցեղասպանության ժխտումը: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լատվիայի խորհրդարանը եւս կհամալրի այն երկրների ցանկը, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդումն ու փոխգործակցության խորացումը:


© 2009 ARMENPRESS.am